ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՄԻ ՔԻՉ ԿՎԱԽԵՑՆԵՆ «ՉԱՓՆ ԱՆՑԱԾ ԻԼՀԱՄՉԻԿԻՆ»

«ՄԻ ՔԻՉ ԿՎԱԽԵՑՆԵՆ «ՉԱՓՆ ԱՆՑԱԾ ԻԼՀԱՄՉԻԿԻՆ»
07.05.2010 | 00:00

«Ճտերն աշնանն են հաշվում» կենցաղային հին իմաստությունն Ադրբեջանում, ինչպես երևում է, ավելի ու ավելի է «իշխանության բանաձև» դառնում, առավել ևս, եթե «ճտերը» քաղաքականությունն են, իսկ այս տարվա աշնանը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։ Համենայն դեպս, մեր հարևանների համար իրադարձությունները խոստանում են լինել հագեցած ու հետաքրքրական։ Շատ փորձագետներ վերջին ժամանակներս սկսել են կանխատեսել, թե հետխորհրդային տարածքում հերթական հեղափոխությունը լինելու է Ադրբեջանում, ինչպես Ղրղզստանում եղավ։ Թեև այսօր, կարծես, փոթորկի նշաններ չկան. ընդդիմությունը թույլ է, իշխանությունն ուժեղ է ու ճոխ միջազգային խորհրդաժողովներ է անցկացնում «Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում-2010. է՛լ ավելի ժողովրդավարական, է՛լ ավելի թափանցիկ» խորհրդանշական վերտառությամբ։
Սակայն փորձենք կողմնորոշվել «ղրղզական սցենարի» նախադրյալների, «վերևները չեն կարողանում, իսկ ներքևները չեն ուզում» դասական հեղափոխական բանաձևին իրավիճակի համապատասխանության հարցում և, որ ամենագլխավորն է, պարզենք` արդյոք դա «ուժեղ կենտրոններից» որևէ մեկին պե՞տք է։ Եվ այստեղ անմիջապես ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչև վերջին ժամանակներս «նավթի փայլից» կուրացած աշխարհում չէին ուզում նկատել ո՛չ այն, որ Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ տարածքի առաջին երկիրն է, որտեղ տեղի ունեցավ իշխանության գերդաստանային փոխանցում, ո՛չ էլ այն, որ «միապետությունը», ընդ որում ասիական, իր կանոններն է թելադրում։ Սակայն վերջերս «լռության դավը» խախտվեց։ Առաջինն արգելքը խախտեց ամերիկյան «Վաշինգտոն պոստ» թերթը` Իլհամ Ալիևի անձին ու նրա ընտանիքի անդամներին նվիրված հոդվածով։ Հոդվածն իրազեկում է, որ ադրբեջանցի դպրոցական Հեյդար Ալիևը և նույն նշանավոր ազգանունը կրող Լեյլա և Արզու անունով աղջնակները Դուբայի ծովափին հինգ առանձնատուն են գնել 44 մլն դոլարով։ Այնուհետև թեման շարունակեցին եվրոպական, ռուսական և, ամենահատկանշականը, թուրքական լրատվամիջոցները, և այստեղ մեր` օբյեկտիվ պատճառներով հարևանների գործերին քիչ ծանոթ հայերիս առջև հառնում է ոչ այնքան հաճելի հետևյալ պատկերը։
Պարզվում է` Ադրբեջանի «տնտեսական հրաշքը», որով մեզ այդքան երկար վախեցնում էին, շատ հեռու է իրականությունից. գանձագողությունն ու թալանն Ադրբեջանում միլիարդներ են կազմում, իսկ միջազգային իրավական մարմիններն անգամ գործածության մեջ են դրել «ազերգեյթ» «փաղաքշական» տերմինը։ (Շվեյցարացի իրավաբան Հանս Բոդների աղմկոտ գործից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեց նաև ամերիկացի միլիոնատեր Ֆրեդերիկ Է. Բուրկա-կրտսերը, որին մեղավոր են ճանաչել «Արտասահմանում կոռուպցիայի պրակտիկայի մասին» օրենքի խախտման համար` Ադրբեջանում առաջին պաշտոնատար անձանց տրվող կաշառքների հիման վրա)։ Միջազգային ֆինանսական կառույցների հիմնական հետևությունն այս է. Ադրբեջանում նավթային եռուզեռը, որը հանգեցրել է ՀՆԱ-ի գրեթե կրկնապատիկ աճին, չի խանգարել արժեզրկման արագացմանը, էներգակիրների գների աճին, ապրանքների ու սպասարկումների բոլոր տեսակների թանկացմանը։ Միաժամանակ դանդաղել են տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների աճի տեմպերը։ Շարունակում է բավականին բարդ մնալ բնակչության սոցիալական վիճակը։ Իր վերջին ելույթում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե վերջին չորս տարում աղքատության մակարդակը 49 տոկոսից իջել է 16-ի, այդուամենայնիվ, երկրում կենսամակարդակն անկում է ապրում, նկատվում է հասարակության հրեշավոր շերտավորում (այսօր Ադրբեջանում ոստիկանների աշխատավարձը յոթ անգամ բարձր է պրոֆեսորի աշխատավարձից)։ Ավելին, ԱՄՀ-ի կարծիքով, կոռուպցիան ընդգրկել է իշխանական բոլոր կառույցները և սպառնում է ազգային անվտանգությանը, իսկ իրավիճակը մոտ է սոցիալական պայթյունի։
Ինչպես գրում է «Վաշինգտոն պոստը», «Ալիևների կլանն Ադրբեջանի համար տնտեսական աճ ապահովել է, բայց հանրապետությունը վերածել է բարգավաճող կոռուպցիայի երկրի»։ Թուրքական «Հուրիեթ» թերթի տվյալներով, որին դժվար է կասկածել Ալիևների նկատմամբ կանխակարծության մեջ, նրանց կառավարման տարիներին պետական գանձարանից անհետացել է ավելի քան 3 մլրդ դոլար։ Հիմնականում ընդդիմադիր ադրբեջանցի վերլուծաբանների գնահատմամբ` լայնորեն տարածված է այն տեղեկությունը, թե երկրի ամենահարուստները Ալիևների կլանի անդամներն են։
Որդի Ալիևի օրոք «նախիջևանցիների» հետ հավասար իրավունքներով է օժտված երկրի առաջին տիկնոջ` Մեհրիբան Ալիևա-Փաշաևայի կլանը։ Ավելին, այդ բիզնես-անհագի նպատակասլացության հետևանքով (ասում են, թե ոչ մի նավթադոլար նրա կպչուն մագիլներից չի փախչում), տեղի է ունեցել հին «հեյդարյան գվարդիայի» ազդեցության ոլորտների վերաբաժանում։ Ոմանք, առավել վտանգավորները, բանտ են նետվել։ Իսկ նախագահի քույրը` Սևիլը, զրկվել է Ադրբեջանում քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից։ Ի դեպ, նրա անձնական ունեցվածքը գնահատում են 13 մլրդ դոլար, իսկ տիկինը, ինչպես գրում են, կրում է 5 մլն դոլարի միայն ադամանդե զարդեր։ Իլհամ Ալիևին պատկանող հարստությունն ու անշարժ գույքը գնահատում են 35 մլրդ դոլար։ Սակայն միայն նավթը չէ այս ընտանիքի եկամուտների աղբյուրը։ Եկամուտները գալիս են ադրբեջանական ամբողջ տնտեսությունից` բամբակ, սպիրտ, թառափ, սև խավիար, մետաղ, ծխախոտ, գյուղատնտեսություն։ «Ընտանիքը» ենթակա գործարարներին «գթասրտորեն» թույլ է տալիս փող «պտտեցնել», իսկ շահույթի մեծ մասը փոխանցվում է կլանին։ Ընդ որում, «նախանձ» մարդիկ ասում են, թե նախագահը թուլություն ունի կանանց ու մոլախաղերի, իսկ նրա գեղեցկուհի կինը` աներևակայելի ճոխության նկատմամբ։ Թուրքական լրատվամիջոցների նկարագրած 200 հազար դոլարանոց ծխախոտատուփի հետ կապված դեպքն ամենագունեղ օրինակը չէ։ Տարբեր լրատվամիջոցներ արդեն հաշվարկել են աշխարհի տարբեր խաղատներում` Լաս Վեգասից մինչև Մոսկվա և Ստամբուլ, կրտսեր Ալիևի տանուլ տված գումարները, իսկ դրանք աստղաբաշխական թիվ են կազմում` մոտ 11 մլն դոլար։ Պարզվում է` Ալիևի հարստության գլխավոր գանձապահը պաշտպանության ներկա նախարար Սաֆար Աբիևն է, որը քաջ հայտնի է ոչ միայն որպես Աղդամի ռազմաճակատից փախած մարդ, այլև որպես նոր պատերազմի ջատագով և գլխավոր «գիշանգղ»։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես գրում են լրատվամիջոցները, ադրբեջանցիների 45-60 տոկոսը վաստակի հետևից ընկած գտնվում է երկրի սահմաններից դուրս։ Միայն Ռուսաստանում Ադրբեջանի ավելի քան 3 մլն քաղաքացի կա։ Բացի այդ, բնակչության գերակշիռ մասը կենտրոնացած է Բաքվի և Ապշերոնի շրջանում, իսկ գավառներում մնացել է մեկ մլն-ից ոչ ավելի մարդ։ Առավել խոշոր քաղաքներում համընդհանուր գործազրկություն է, հակասանիտարական վիճակ, հանցավորություն, խափանումներ են լինում էլեկտրամատակարարման, գազամատակարարման ոլորտում։ Ընդ որում, կլանը դժգոհության հնարավոր բռնկումները մեծ հաջողությամբ մարում է ղարաբաղյան հակամարտության թեմայով։ Այստեղից էլ բնակչության զոմբիավորումը` թշնամու կերպարով, հակահայկական հիստերիան, մշտական ռազմաշունչ հայտարարությունները։ Թեև ադրբեջանական հասարակայնությունը, ինչպես թվում է, արդեն սովորել է ալիևյան վերացական պատերազմներին և հաղթանակներին, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «անպարկեշտ է դժգոհություն հայտնել սեփական կյանքից, երբ թշնամին երկրիդ շեմին է կանգնած»։ Համապատասխանաբար, հարաճուն պրոբլեմներն առայժմ երկրի շարքային քաղաքացիների սոցիալական դժգոհության պայթյուններով չեն ավարտվում։
Այդուամենայնիվ, փորձագետները նշում են, որ կլանը դանդաղ ու անշեղորեն գլորվում է անդունդ։ Այստեղ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ պիտի «ընտանիքին» լուրջ վտանգ սպառնա։ Պարզվում է, եթե առաջ` «խորամանկ աղվես» Հեյդար Ալիևի կառավարման տարիներին, դժգոհ էին միայն փախստականներն ու գործազուրկները (նրանց վրա պետք էր ուշադրություն դարձնել հակահայկական մեկ աղմուկից մյուսը), ապա հիմա դժգոհությունը հասունանում է «բարձր կարգի» անձանց շրջանում։ Նկատենք, որ դեռ խորհրդային ժամանակներից «նախիջևանյան կլանը» «Բաքվի կլանի» կամ, այսպես կոչված, «թաթյան» կլանային համակարգի «աչքի գրողն» էր։ Այդուամենայնիվ, ժամանակին շատերը, մոռանալով նախկին անվստահությունն ու վիրավորանքը, հայր Ալիևին իշխանության բերեցին։ Սակայն նրանցից և ոչ մեկը երևի չէր կարծում, թե ուխտադրժությունն Ալիևների գործունեության անքակտելի մասն է։ Կարճ ժամանակ անց ոմանք ֆիզիկապես ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին, մյուսները թաքնվեցին իշխանության «պուճախներում», ուժային կառույցներում` մինչև «լավ ժամանակների» գալը։ Մի շատ կարևոր հանգամանք ևս։ Վերջին տարիներին ադրբեջանական մամուլում կանոնավորապես տեղեկություններ են սպրդում այն մասին, թե զանգվածային կարգով Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր քրդեր, որոնք բնակություն են հաստատում Նախիջևանում կամ երկրի արևմուտքում։ Որպես կանոն, նրանք լավ ապահովված են և զբաղվում են բիզնեսով։ Բացի այդ, վերջին ժամանակներս սկսել են նոր թափով պնդել, թե Իլհամ Ալիևը, ինչպես նաև հանրապետության մի շարք ուրիշ ազդեցիկ քաղաքական գործիչներ, էթնիկ քուրդ է (որոշ տեղեկություններով` Ալիևները սերում են քուրդ խաներից, որոնք Հայաստանից անցել են Նախիջևան)։ Այնպես որ, ընդդիմությունն ու մամուլը նորից սկսել են խոսել «ադրբեջանցիների դեմ քրդական դավադրության մասին»։
Ինչ վերաբերում է քաղաքական և, առաջին հերթին, ընդդիմադիր ուժերին, առայժմ նկատվում է հասարակական-քաղաքական գործընթացների լճացում։ Ներկայումս ընդդիմության վարկն այնքան ցածր է, որ այն ընդունակ չէ բողոքի զանգվածային գործողություններ կազմակերպելու։ Ավելին, քաղաքական գործիչները դարձյալ չեն կարողանում շփման կետեր գտնել առաջիկա ընտրություններում արդյունավետ կոալիցիա ձևավորելու համար։ Ինչպես նշում են փորձագետները, վերջին երկու ամսում, չնայած մի ամբողջ շարք բարձրագոչ հայտարարություններին, հնարավոր չի եղել նման դաշինքի համար գաղափարական ու կազմակերպչական ծրագիր կազմել։ Միաժամանակ, շարունակվում է հրապարակային բանավեճը տարբեր խմբավորումների միջև, ընդ որում, այնքան խղճուկ առիթներով, որ, բացի զարմանքից, ոչինչ չի առաջացնում։ Համապատասխանաբար, առայժմ փորձագիտական շրջանակներում արմատանում է այն կարծիքը, որ «անարդար իշխանության դեմ պայքարող մարտիկների» մեծ մասը պատկանում է «վերացական ընդդիմախոսների» շարքին, որոնք իրական մրցակցություն են նմանակում և օգտագործվում են իշխանության կողմից` այլընտրանքային ընտրությունների պատրանք ստեղծելու համար։ «Բաքվեցի այլախոհների» հավակնություններն ու մեծամտությունը լիովին խրախուսվում են իշխանության կողմից, թեև, անշուշտ, այնքան ժամանակ, քանի դեռ դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցել։ Ի դեպ, «կանխարգելիչ միջոցառումներն» իրականացվում են շատ գործուն։ Այսպես, այն բանից հետո, երբ ադրբեջանական ընդդիմությունը ողջունեց Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները, Բաքվի քաղաքապետարանի առջև «Մուսավաթ» կուսակցության անդամների բողոքի գործողությունը ոստիկանությունը դաժանորեն խափանեց, տասնյակ մասնակիցներ ձերբակալվեցին ու ծեծվեցին։ Այնուհետև, Նավթի ակադեմիայում ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի տարելիցի առթիվ (այդ օրը 12 մարդ էր սպանվել) կազմակերպված ուսանողական գործողությունը ևս ցրվեց ոստիկանության կողմից, թեև երիտասարդների գլխավոր կարգախոսն էր «Կորչի ահաբեկչությունը»։ Ինչպես նշում է իրավապաշտպան Լեյլա Յունուսը, Ադրբեջանի իրավապահ կազմակերպությունների ցուցակի համաձայն, կալանքի տակ է գտնվում 57 քաղբանտարկյալ, միայն ապրիլին ձերբակալվել է մոտ 300 քաղաքացի։ Նրա խոսքերով` երկրում ավանդույթ է ձևավորվել արդեն` ընտրությունների շրջանում թափ են առնում քաղաքական բռնությունները, համընդհանուր արգելք է դրվում փողոցային երթերի վրա։ Բացի այդ, քաղաքական պայքարն ուժային դիմակայության հարթություն տեղափոխելու իշխանությունների ձգտումը նկատվում է նաև այն բանում, որ սկսել են հաղորդագրություններ երևալ պատրաստվող մահափորձերի, ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների ստուգումների մասին։ Այսպես, «Վաշինգտոն պոստում» Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» պարագլուխ Ալի Քերիմլիի քննադատական հոդվածի հրապարակումից հետո, որտեղ նա ԱՄՆ-ին կոչ էր արել «բարոյապես աջակցել» ընդդիմությանը, իշխանությունները հայտարարեցին, թե կուսակցությանը ֆինանսավորում է անդրազգային թմրամաֆիան։
Վիճակը բանի նման չէ նաև «խոսքի ազատության» ոլորտում։ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության տեղեկությունների համաձայն` իշխանությունները վերահսկում և ճնշման տակ են պահում ազգային էլեկտրոնային լրատվամիջոցները, լրագրողների քրեական հետապնդումների համար կիրառում են «քաղաքական դատերի» մարտավարությունը։ Շարունակում են բանտերում մնալ լրագրողներ, իսկ Էլմար Հուսեյնովի սպանությունը 2005-ին դեռևս բացահայտված չէ։ Որոշ քաղաքական գործիչների կարծիքով` «լրագրողները մշտապես աշխատում են ականապատված դաշտում», ընդ որում, նրանց թիվը գնալով նվազում է։ Հիմնականում անհնար է լրատվամիջոցներում, վարչակազմի և Իլհամ Ալիևի փքուն գովեստից բացի, այլ բան գտնել։ Ընդ որում, «արքայական պատգամավորները» հայտարարում են, որ «քաղաքացիական հասարակության» կառույցների կարիքների համար միայն այս տարի 2,7 մլն դոլար է հատկացվել, որ գործում է 45 քաղաքական կուսակցություն, մոտ 3000 ոչ կառավարական կազմակերպություն, 300 գրանցված լրատվամիջոց։
Այս համատեքստում շատ դժվար է պատասխանել այն հարցին, թե կլինի՞, արդյոք, հեղափոխություն, չէ՞ որ շատ բան նկատելի և ակնհայտ է դառնում միայն իրավիճակը ներսից գնահատելիս։ Թեև ադրբեջանական հասարակության առջև ծառացած խնդիրներն իրականում ոչ մեկի համար գաղտնիք չեն, այնուամենայնիվ, «ղրղզական սցենար» մոտ ժամանակներս չպետք է սպասել։ Ամենայն հավանականությամբ, արտաքին ուժերն այս անգամ էլ միայն մի քիչ կվախեցնեն «չափն անցած Իլհամչիկին», կաշխատեն նրան «կառուցողական հունի» մեջ դնել և պահանջել, որ չնյարդայնացնի Մոսկվայի ու Վաշինգտոնի ավագ «քեռիներին»։ Չէ՞ որ, ինչպես ասում են, «սխտորը սոխից քաղցր չէ», վարչակարգի կազմավորման համար շատ ջանք ու միջոց է ներդրվել, իսկ ոչ հեռու անցյալում Բաքվում իշխանության հերթագայությունը, ըստ էության, ոչինչ չփոխեց։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ